2016-ը ամփոփելիս ինքնաբերաբար կանխատեսվում է 2017-ը: Հայ քաղաքական-տեղեկատվական ասպարեզում գերակայում են ԱԺ ընտրությունները՝ իրենց հավաստի ու անստույգ, հավանական ու բացառված տարբերակներով, իսկ աշխարհում ծավալվում են այլ իրադարձություններ, որոնց արձագանքը, երկրագնդի շուրջը պտտվելով, մեզ էլ է հասնելու: Անցնող տարվա քաղաքական երկրաշարժերը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեն ու ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն էին, որոնց հետևանքները ապրելու ենք առաջիկա տարիներին: The National Interest-ի մեկնաբան Ռոբերտ Ֆարլին առանձնացրել է առավել հավանական հինգ պատերազմները, որ կարող են 2017-ին սկսվել: Առաջինը՝ Կորեական թերակղզում: Հյուսիսային Կորեան մեծացնում է միջուկային ներուժը, քաղաքական ճգնաժամի բախվեց Հարավային Կորեան՝ նախագահի իմփիչմենթ սկսելով:
Վտանգավոր փորձությունների սկիզբ կարող է դառնալ, եթե Դոնալդ Թրամփը որոշի վերջ դնել հյուսիսկորեական միջուկային զենքի պատմությանը, կամ Կորեան որոշի նախահարձակ լինել: Երկրորդ թեժ կետը Սիրիան է, որտեղ պատահաբար կարող են բախվել ԱՄՆ ու ՌԴ զինվորականները՝ սխալ օդային հարվածի պատճառով, արդեն չհիշատակեմ բազում զինված ջոկատներին, որոնց գույնն ու դերը փոփոխական են: Թուրքիան քրդերի դեմ իր պայքարով ու Իրաքը իր անկայուն կայունությամբ: Ժամանակակից պատերազմները հիբրիդային են, երրորդ հավանական պատերազմը կարող է ծագել ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև կիբեռտարածքում: ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության շուրջ սկանդալի ընթացքը վկայում է, որ ԱՄՆ-ը կարող է անհրաժեշտ համարել արձագանքել «ռուսական ու չինական կիբեռսադրանքներին»՝ երդմնակալությունից առաջ է Դոնալդ Թրամփը այդ ամենը ծիծաղելի պատմություն անվանում, իսկ նախագահ Թրամփը կարող է լուրջ վերաբերվել հավանականությանը, որ իր երկրի պետական գաղտնիքները կարդում են Մոսկվայում կամ Պեկինում: Չորրորդ վտանգավոր գոտին Հնդկաստանի ու Պակիստանի սահմանն է: Եթե Հնդկաստանն ու Պակիստանը սկսեն պատերազմ, կոնֆլիկտի մեջ կարող են ներգրավվել ԱՄՆ-ն ու Չինաստանը:
The National Interest-ը հինգերորդ վտանգավոր տարածք համարում է Մերձբալթիկան, ընդգծելով Ռուսաստանի ու Լեհաստանի հակասությունները: Կա ՈՒկրաինան՝ իր սառեցված կոնֆլիկտով, որի թեժանալու համար մեծ ջանքեր պետք չեն:
2017-ը համաեվրոպական ընտրությունների տարի է՝ Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ, նաև՝ Իրան, 2018-ին՝ Ռուսաստան, Իտալիա, Մեծ Բրիտանիա: Հավելեք ահաբեկչություններն ու սպանությունները Երկրի ամբողջ տարածքում: Աշխարհում միշտ մի տեղ ընտրում են, մի տեղ պատերազմում, մի տեղ հաշտվում, մի տեղ ծնվում են, մի տեղ՝ մեռնում: Հաղթանակների ու պարտությունների ալիքի վրա ոմանք հայտնվում, ոմանք հեռանում են, հավերժականը ընթացքն է՝ Աստծո աչքը միշտ բաց է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Արցա՞խը: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն: Ստատուս քվո, ու ամեն Աստծո առավոտը՝ գիշերը շփման գծում: Սա դարձել է առօրյա: Կա երկու տարբերակ՝ առաջին. պատերազմն ավարտում են դիվանագետները բանակցություններով, բայց դրա համար պետք են նոր սկզբունքներ, երկրորդ՝ պատերազմն ավարտում են բանակները՝ նոր պատերազմով: Երրորդի ականատեսն ենք բոլորս: ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություններ կանի, համանախագահները նոր հանդիպումներ կպահանջեն: Բաքուն կշարունակի զենք գնել, Ստեփանակերտը Սահմանադրություն կփոխի ու ընտրություններ կանի: 2016 թե 2017՝ կյանքը շարունակվում է: